Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ է եղել: Հակառակորդը հրաձգային զինատեսակներից, ընդհանուր առմամբ, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 8 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 60 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հունվարի 24-ին և լույս 25-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացառությամբ Մարտունու ուղղության, համեմատաբար հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 140 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (2 արկ):