ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հեռանում են պաշտոններից:
Պաշտոնավարման շրջանում Նուլանդն ակտիվ մասնակցություն է ունեցել Ուկրաինայի Եվրամայդանին` հաճախ այցելելով Կիև բողոքի ակցիաների ամենաթեժ շրջանում:
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի պաշտոնակատար: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ջոն Հեֆերնը զբաղեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2011-2014թթ.:
Նուլանդից բացի, պաշտոններից են հեռանում նաև վարչական և տնտեսական գծով պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քեննեդին, Պետքարտուղարի օգնականներ Ջոյս Բարրը և Միշել Բոնդը: Հեռանում է պաշտոնից նաև օտարերկրյա ներկայացուցչությունների գծով վարչության պետ Ջենթրի Սմիթը, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով:
Պետքարտուղար Ջոն Քերիի պաշտոնաթողությունից հետո պետքարտուղարի պարտականությունները կատարում է նրա նախկին տեղակալ Թոմաս Շենոնը:
Նորընտիր նախագահ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում տեսնում է Exxon Mobile-ի նախկին կառավարիչ Ռեքս Թիլերսոնին, սակայն Սենատը դեռ չի հաստատել վերջինիս թեկնածությունը: