26 հունվարի 2017 - 12:52 AMT
Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանի մոտ

Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանի մոտ: Ըստ ռազմական աղբյուրների, տանկերը, զրահամեքենաները և աշխատանքային տեխնիկան ժանդարմների ուղեկցությամբ շարժվում են դեպի Սիրիային սահմանակից Էլբեյլի շրջանը, որը Քիլիս գավառում է, գրում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Հունվարի 24-ին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ Անկարան մտադիր չէ Էլ Բաբ քաղաքը հանձնել սիրիացի զինվորականներին «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո:

Էլ Բաբը գտնվում է Սիրիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այժմ քաղաքը շրջափակված է, թուրքական զորքերը փակել են քաղաքը Հալեպի հետ կապող ճանապարհը:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ: Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադար մեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատել խաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և համատեղ պայքարել «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների դեմ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: