ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մոտ 13 մլն փաստաթուղթ, որոնց մի մասը վերաբերում է հայերին, Հայաստանին և սփյուռքին:
1988 թվականի օգոստոսի 1-ին հրապարակված «Խժդժություններ Կովկասում ու ազգայնականության մարտահրավերը» զեկույցում մանրամասն նկարագրվում են Երևանում, Բաքվում, Ստեփանակերտում ցույցերը, դեմոգրաֆիական իրավիճակը, Սումգայիթի ջարդը, երկու հանրապետությունում ու Մոսկվայում տրամադրությունները, անդրադարձ է արվում հայ էկոլոգների՝ Մեծամորի ատոմակայանը, «Նաիրիտն» ու Քանաքեռի ալյումինի գործարանը փակելու պահանջներին, ավելի վաղ ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական բախումներին:
Նշվում է, որ տարածաշրջանի խորհրդայնացման պահին Մոսկվան հակված էր միացնել Ղարաբաղը Հայաստանին, սակայն այնուհետև՝ Թուրքիայի ճնշման ներքո, հանձնեց այն Ադրբեջանին:
«Թուրքիան չէր ուզում սահմանին մեծ հայկական պետություն տեսնել», - նշվում է նամակում:
1921 թվականին Լենինը համաձայնվում է «փոքրացնել Հայաստանի տարածքը», իսկ 1923-ին Ստալինի որոշմամբ Նախիջևանն ու Ղարաբաղը վերջնականապես հանձնվում են Ադրբեջանին:
Հայերը վախենում էին, որ Ղարաբաղը կկրկնի Նախիջևանի ճակատագիրը. զեկույցում նշվում է, որ 1914-1979 թվականին հայկական բնակչությունը Նախիջևանում նվազել է 52%-ից մինչև 1.4%:
Երբ 1988 թվականի փետրվարին ճգնաժամը թափ առավ, թուրք պաշտոնյաները հայտարարեցին, որ «ձայնի իրավունք» ունեն հայ-ադրբեջանական տարածքային վեճերի հարցում՝ հղում անելով 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին: Նշվում է, որ թուրքերը վախենում էին, որ Ղարաբաղի միացումը կարող էր մեծացնել հայերի «ախորժակը» ու դրդել նրանց Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելուն: Այնուամենայնիվ, ԿՀՎ փորձագետների նկարագրմամբ, Թուրքիան էական դեր 1988-ի հակամարտությունում վերջում չէր խաղում:
Ղարաբաղը նկարագրվում է որպես «հայկական մշակութային ու կրոնական կենտրոն»: Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ տարածաշրջանը դարեր շարունակ գտնվում էր հայկական իշխանության ներքո՝ անգամ այն ժամանակ, երբ մնացած հայկական տարածքները Թուրքիայի ու Պարսկաստանի տիրապետության տակ էին: Միաժամանակ նշվում է, որ այն բազմաթիվ ադրբեջանցի երգահանների ու գրողների հայրենիքն է:
Ադրբեջանցիների թշնամական վերաբերմունքը հայերի նկատմամբ աճում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական զարգացման տարբերության աճին զուգահեռ: Որպես թշնամանքի մեկ այլ պատճառ զեկույցի հեղինակները նշում են, որ Ադրբեջանում բարձր ծելիություն էր, սակայն երիտասարդներին չէին կարողանում ապահովել նորմալ աշխատանքով ու տներով: Կյանքից հիասթափությունը բերում էր հայերի հանդեպ թշնամանքի աճին: Նշվում է նաև, որ 80-ականների վերջում ադրբեջանցիների իշխանությունը Մոսկվայում թուլանում էր, նրանք զրկվում էին բարձր պաշտոններից, այնինչ հայերի կշիռը բարձրագույն ղեկավարությունում աճում էր, ինչը ևս վախեր էր առաջացնում ադրբեջանցիների մոտ:
Կարդացեք նաև. ԿՀՎ. ԽՍՀՄ-ը հայկական ու քրդական հատուկ ջոկատներ էր ուղարկում Մերձավոր Արևելք