7 օգոստոսի 2007 - 19:02 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, որպեսզի Կոսովոյի հարցը նախադեպ դառնա Ղարաբաղի համար
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որպեսզի Կոսովոն նախադեպ դառնա, ապա այն կդառնա նախադեպ իր` այդ մարդու համար: Կարծում եմ, որ շատերը Ռուսաստանում, այդ թվում եւ Ռուսաստանի նախագահը ինձինից լավ են հասկանում Կովկասը, եւ նա չի ցանկանում, որպեսզի Կոսովոն նախադեպ դառնա Կովկասի համար, դա ահավոր կլիներ նաեւ Հյուսիսային Կովկասի համար»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Մեթյու Բրայզան: «Մենք չենք ասում, որ չի կարելի, մենք ասում ենք, որ պետք չէ: Դա չպետք է լինի, սակայն չի արգելվում: Ես պարզապես տրամաբանություն չեմ տեսնում. եթե անջատողականների մի խումբ անկախություն է ստանում, ապա նշանակում է` անջատողականների բոլոր խմբերը աշխարհում պետք է անկախությու՞ն ստանան, եւ այդպես կլինի մինչեւ աշխարհի վերջը: Այստեղ տրամաբանություն չկա: Դրանք տարբեր իրադրություններ են: Հակառակ դեպքում, ինչու՞ ենք մենք բանակցություններ վարում Ղարաբաղի հարցով, եթե Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել Կոսովոյի նմանությամբ: Այն, ինչ կատարվում է Կոսովոյում, չպետք է ազդի Ղարաբաղի հակամարտության վրա: Քանի որ այդ հակամարտությունները հեռու են միմյանցից: Այդ պատճառով, եթե պահպանում ենք այդ տրամաբանությունը, եւ Կոսովոն նախադեպ չի դառնա Ղարաբաղի համար, նշանակում է, ունիվերսալ նախադեպեր ընդհանրապես գոյություն չունեն»,- նշել է Բրայզան:

Նա նաեւ գտնում է, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել նաեւ Վրաստանի հակամարտությունների կարգավորման համար: «Վրաստանում իրավիճակը յուրահատուկ է, ինչպես յուրահատուկ է նման ցանկացած իրավիճակ: Եւ մենք հուսով ենք, որ կողմերը այնտեղ քայլ առ քայլ մոտենում են այն դրությանը, երբ Հարավային Օսիան ինքնավարություն կստանա Վրաստանի կազմում: Դա մեր ցանկությունն է, մեր քաղաքականությունը: Միեւնույն ժամանակ, ես չեմ պնդում, որ այնդպես էլ կլինի, սակայն մենք ձգտում ենք դրան: Դա հնարավոր է այսօր»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ»-ը: