Վաշինգտոնն ԱՄՆ առաջին նահանգը կդառնա, որտեղ դատական կարգով կվիճարկվի ներգաղթի խստացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով ժամանակավորապես արգելվում է մուտքն ԱՄՆ մահմեդական 7 երկրի քաղաքացիներին:
Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը հունվարի 30-ին հայտարարել է, որ հայց կներկայացնի դաշնային դատարան ընդդեմ երկրի նախագահի, ներքին գործերի նախարարության և նախագահի վարչակազմի ներկայացուցիչների: Ֆերգյուսոնը խնդրում է հակասահմանադրական ճանաչել Թրամփի հրամանագրի հիմնակնա դրույթները: Նա նաև միջնորդություն է ներկայացրել ԱՄՆ նախագահի հրամանագրի գործողությունները ժամանակավոր կասեցնելու մասին, գրում է Deutsche Welle-ն:
Ինչպես ասվում է փաստաթղթում, հրամանագիրը խախտում է ԱՄՆ Սահմանադրության մի շարք դրույթներ, որոնք երաշխավորմ են բոլորի հավասարությունն օրենքի առջև և կառավարության միանման վերաբերմունքը բոլոր կրոններին:
Նախագահի գործողությունները, ասվում է հայտարարության մեջ, «ընտանիքներ են պառակտում Վաշինգտոնում, վնասում են բնակիչներին, խարխլում են Վաշինգտոնի տնտեսությունը, վնասում են Վաշինգտոնում գործող ընկերություններին և բացասաբար են ազդում Վաշինգտոնի ինքնիշխան շահերի վրա:
«Ոչ ոք չպետք է վեր լինի օրենքից, նույնիսկ նախագահը: Դատարանում ամենաբարձր հնչող ձայնը Սահմանադրության ձայնն է»,-ասել է նա:
Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատել է աշխատանքից գլխավոր դատախազի պաշտոնակատար, արդարադատության նախարար Սալլի Յեյթսին, որը հրաժարվել է կատարել ներգաղթի մասին Թրամփի հրամանագիրը:
Ընթերցեք նաև. Օբաման սատարել է բողոքի ակցիաներին ընդդեմ ներգաղթի մասին Թրամփի հրամանագրի