Rasmussen Reports-ի հարցման համաձայն ամերիկացիների 57%-ը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ներգաղթի սահմանափակմանը: Ընկերությունը հեռախոսային և համացանցային հարցում է կատարել` հետաքրքրվելով հասարակ ամերիկացիների կարծիքով այդ հարցի վերաբերյալ:
Թրամփի հրամանագրով 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելվում է:
Հարցման մասնակիցների 57%-ը կողմ է արտահայտվել նախագահի որոշմանը և դրական է գնահատել նրա հրամանագիրը, 33%-ը դեմ է եղել, իսկ 10%-ը դժվարացել է պատասխանել: Հարցման արդյունքները վկայում են, որ մասնակիցների կեսից ավելին հավանություն է տալիս ԱՄՆ վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցմանը, գրում է Gazeta.ru-ն The Hill-ի վրա հղումով:
Նշվում է, որ Թրամփի հրամանագիրն ուղղված է փախստակնների ավելի մանրակրկիտ ստուգմանը, որպեսզի «ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչները» մուտք չգործեն ԱՄՆ:
Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Դոնալդ Թրամփի հրամանագրի վերաբերյալ` հորդորելով ամերիկահայերին չլքել երկրի տարածքը:
Մասնավորապես, նշվում է, որդեռևս հասկանալի չէ, ինչպես է օրենքն ազդելու ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց ու նրանց ընտանիքների վրա: Կազմակերպությունը հորդորում է հայերին, ում բարեկամները կամ ընկերները արգելափակված են օդանավակայաններում, կապվել ANCA-ի հետ travel@anca.org մեյլով կամ (202) 775-1918 հեռախոսահամարով: