7 սեպտեմբերի 2007 - 17:55 AMT
Հայաստանում վերաբացվել է զինամթերքի գործարան
Երեկ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող «Նեյտրոն» գործարանի վերաբացման արարողությանը, շրջել գործարանի արտադրամասերում, ծանոթացել արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Վերաբացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ «Նեյտրոն» ՓԲԸ-ի եւ «Բագավան» ՓԲԸ-ի մասնավորեցման ծրագրի շրջանակներում «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն 2007թ. ապրիլից սկսած, շուրջ հինգ ամիսների ընթացքում, արտադրական հզորությունների եւ վարչական տարածքների նորացման ու բարեկարգման նպատակով, իրականացրել է լայնածավալ շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ` կատարելով ընդհանուր առմամբ 4,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում:
Շինարարական աշխատանքներին զուգահեռ իրականացվել են առկա հաստոցների կապիտալ վերանորոգման, կարգավորման եւ տեխնոլոգիական գործընթացներին համապատասխան դրանց տեղափոխման ու տեղակայման աշխատանքները` ստեղծելով պարկուճի, գնդակի եւ հավաքման ամբողջական արտադրություններ: Սպասվում է, որ տարեկան 100 մլն. փամփուշտ է արտադրվելու: