ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին ցուցադրում է բռնապետության և ժողովրդավարության միջև խորն անդունդը։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնումը:
Փետրվարի 7-ին ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվել է Ադրբեջան:
«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքն Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է», - ասել է Բալայանը։
ԼՂՀ ԱԳՆ-ն նշել է, որ Բելառուսի գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։
«Մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու և քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաև օրինականության և արդարության սկզբունքներից», - ասված է ԼՂՀ արտգործնախարարության հաղորդագրությունում:
Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Գերագույն դատարանը Լապշինի բողոքարկման դիմումը քննել էր փակ ռեժիմով, նրա բացակայությամբ:
Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016-ին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին:
Կարդացեք նաև՝ ԼՂՀ ՄԻՊ. Լապշինի գործը հակադարձ նախադեպ կդառնա` մեծացնելով Արցախի հանդեպ հետաքրքրությունը