11 սեպտեմբերի 2007 - 15:13 AMT
ԵՄ նոր անդամները ցանկանում են, որ Եվրամիությունն ակտիվորեն մասնակցի սառեցված հակամարտությունների կարգավորմանը
Եվրամիության նոր անդամները կփորձեն այս շաբաթ վերակողմնորոշել Միությանը Միջերկրական ծովի տարածաշրջանից դեպի արեւելայն հարեւանները, որոնք, նրանց կարծիքով, զրկված են Բրյուսելի ուշադրությունից:

Ռումինական Romania Libera թերթը, հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը, գրում է, որ անցած շաբաթ, ԵՄ բարիդրացիության քաղաքականության վերաբերյալ կոնֆերանսի մեկնարկից առաջ, Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ մերձբալթյան պետությունների ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից իրենց գործընկերների հետ:

Այն երկրները, որոնք միացել են ԵՄ-ին 2004 թվականին, գտնում են, որ «եվրոպական բլոկը ավելի շատ ուշադրություն է դարձնում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի պետություններին ի վնաս նախկին խորհրդային հանրապետությունների, որտեղ Ռուսաստանը փորձում է ագելափակել արեւմտյան ազդեցությունը»:

Նոր անդամները ցանկանում են նաեւ, որ ԵՄ-ն առավել ակտիվորեն մասնակցի «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը նախկին ԽՍՀՄ տարածքում: