ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2005-ին և 2006-ին ՍՊ ընկերության և ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը պահպանման է հանձնվել նույն ընկերությանը և ԱՁ-ին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին հանձնաժողովի կողմից կատարված գույքագրումներով արձանագրվել է, որ 18.127.800 դրամ արժողությամբ կահույքը 2011-ի դրությամբ դեռևս տրված է նշված ԱՁ-ին, սակայն նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվել իրենց ծառայողական պարտականությունները՝ միջոցներ չեն ձեռնարկվել պահատվության պայմանագրերով տրված գույքը պահանջելու և պահառուների կողմից գույքի հանձնումը ուշացնելու համար պայմանագրերով նախատեսված տույժերն ու տուգանքները հաշվարկելու և գանձելու ուղղությամբ:
Փոխարենը, նախարարության կողմից առանց որևէ հիմնավորման 2013-ի և 2014-ի համաձայնագրեր են կնքվել պահատվության պայմանագրերի հետ առնչություն չունեցող երրորդ անձի հետ, որոնցով վերջինս պարտավորվել է ընկերությանը և ԱՁ-ին վստահված գույքից՝ 11.258.800 դրամի գույքը մինչև 2014-ի սեպտեմբերիը հանձնել նախարարությանը, սակայն գույքը նախարարությանը չի հանձնվել:
Արդյունքում կատարվել է 2011թ. գույքագրմամբ փաստագրված գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: