11 սեպտեմբերի 2007 - 19:05 AMT
Ադրբեջանի միլիարդային բյուջեն ոչ մի լավ բանի չի հանգեցնի
Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմականացման հարցում կարելի է երկու հիմնական պահ առանձնացնել. ռազմական ծախսերի մեծացում, որոնք արգելակում են երեք պետություններից յուրաքանչյուրի տնտեսական բարեփոխումների ընթացքը եւ սոցիալական սեկտորի զարգացումը, ինչպես նաեւ ուժերի տարածաշրջանային հավասարակշռության խախտումը: Այդ մասին «Հարավային Կովկասի ռազմականացում» կոնֆերանսին հայտարարել է Jane's հետազոտական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: «Ադրբեջանի միլիարդային բյուջեն ոչ մի լավ բանի չի հանգեցնի, եթե հաշվի առնենք բանակի ղեկավար մակարդակներում առկա կոռուպցիան: Արդբեջանի համար ավելի լավ կլիներ, եթե այդ գումարները ծախսվեին սոցիալական կարիքների, այլ ոչ թե զինված ուժերի համար ուսուցողական ծրագրերի վրա»,- նշել է նա: Խոսելով Վրաստանի մասին` Գիրագոսյանը նկատել է, որ այս պետության կողմից ընդունված ուղղվածությունը դեպի Արեւմուտք ու անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հակադրվել վրացական քաղաքականությանը չկարգավորված հակամարտությունների հարցով:

«Հայկական բանակը ավելի մարտունակ է, կարգապահ, քան վրացականն ու ադրբեջանականը: Ադրբեջանը 72 հազար հոգանոց բանակ ունի, որը ամենամեծ բանակն է Հարավային Կովկասում, այն դեպքում, երբ Վրաստանում ընդամենը 17500 զինվոր է: Այնուամենայնիվ, տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը կախված է ոչ թե զինված մարդկանց քանակից, այլ պետությունների ներքին քաղաքականությունից` հիմնված օրենքի գերակայության, լավ կառավարման, ինչպես նաեւ սեփական տնտեսության վրա, որը կախված չէ մեծ աշխարհաքաղաքականությունից»,- ընդգծել է Ռիչարդ Գիրագոսյանը: