Դեռ վաղ է խոսել Սիրիայի հարցում բեկման մասին, բայց իրավիճակն այժմ շատ ավելի բարենպաստ է ճգնաժամի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք մի իրավիճակում ենք, երբ…բեկման մասին չեմ խոսի, բայց այն շատ ավելի բարենպաստ է ճգնաժամի գործնական կարգավորման համար»,-հայտարարել է Լավրովը ՆՏՎ հեռուստատեսության եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարը հիշեցրել է, որ «նման իրավիճակ էր նաև նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն ամերիկացիները չկարողացան իրականացնել արդեն համաձայնեցված պայմանավորվածությունը: «Դա մեկ անգամ ևս հաստատեց, որ Օբամայի վարչակազմը ունակ չէր պայմանավորվածությունները կատարելու, քանի որ բազում հարցեր կային, որոնց վերաբերյալ պայմանավորվել ենք, իսկ հետո նրանք ոչինչ անել չեն կարողացել: Մենք հասկացանք, որ պետք է ինչ-որ գործողությունների դիմել և օգատգործեցինք ռուս-թուրքական հարաբերությունների հնարավորությունները: Իմանալոով, որ Թուրքիան ազդեցություն ունի դաշտային հրամանատարների զգալի մասի վրա` մենք պայմանավորվեցինք հրադադարի մասին պաշտպանության նախարարությունների գծով»,-ասել է Լավրովը:
Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակից ուժերը փակել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջի վերջին ճանապարհն Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ:
Սիրիական բանակը գրոհում է Էլ Բաբն արևմուտքից և հարավից: Միևնույն ժամանակ թուրքական զորքերը և նրա դաշնակից խմբավորումները «Եփրատի վահան» կոսալիցիայից մարտեր են վարում քաղաքի հյուսիսային և արևելյան մատույցներում:
ԻՊ բոլոր գրոհայինները շրջափակված են, սակայն թուրքամետ ուժերն ու սիրիական բանակը չեն համակարգում իրենց գործողությունները: Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը երկրում պաշտոնապես համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում և ագրեսիա: