12 սեպտեմբերի 2007 - 15:52 AMT
Հայաստանի գազաֆիկացումը մեծապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը
Հայաստանի գազաֆիկացումը մեծապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի Տնօրեննրի խորհրդի նախագահ Վալերի Գոլուբեվը: Նրա խոսքերով, Ռուսաստանի ոչ մեծ թվով շրջաններ եւ մարզեր ունեն գազաֆիկացման այնպիսի մակարդակ ինչ Հայաստանը: «Դա մեծ նվաճում է, որը հնարավորություն է տալիս բիզնեսին եւ բնակչությանը հավասարապես հասու լինել բնապահպանական տեսակետից այնպիսի շահավետ եւ այսօր համեմատաբար էժան էներգիայի աղբյուրից, ինչպիսին գազն է: Ես, որպես «Գազպրոմի» ներկայացուցիչ, կարող եմ նշել, որ մեր ընկերությունը նախանձում եւ գլուխ է խոնարհում այն նվաճումների առջեւ, որոնց այսօր հասել է Հայաստանը»,-ասել է նա:
Վալերի Գոլուբեվբ ընդգծել է, որ ՀայՌուսգազարդն օրինակելի ընկերություն է ԱՊՀ գազի ոլորտում: «Գազպրոմը» ԱՊՀ-ի իր ոչ բոլոր գործընկերների հետ է լավ հարաբերություններում, սակայն «Գազպրոմի» եւ Հայաստանի հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն ԱՊՀ բոլոր երկրների համար»,-ասել է նա: