13 փետրվարի 2017 - 15:40 AMT
Օհանյան. Եթե նորաստեղծ դաշինքը գա իշխանության, մարտի 1-ի բացահայտման հարցը կլինի օրակարգում

Եթե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գա իշխանության, մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հարցը կլինի դաշինքի օրակարգում: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո, հայտնում է Armtimes.com-ը:

«Ոչ միայն մարտի մեկը, ինչու ենք մենք մեր շեշտը դնում մարտի 1-ի վրա: Ուրեմն, եթե գործեր կան, որոնք չբացահայտված են, իրավապահ մարմինները զբաղվում են, պետք է մենք հասցնենք մինչև վերջ»,-ասել է Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն հրաժարվել է անուններ տալ: Նա ասել է, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելիս` համարելով դա նախընտրական քարոզարշավի անբաժան մաս:

Օհանյանը հայտարարել է նաև, որ այսօր թիկունք է անհրաժեշտ բանակի, Հայաստանի անվտանգության համար: «Իսկ բանակի համար թիկունքը դա մեր երկրի գործունեությունն է ամբողջությամբ բոլոր ոլորտներում»,-ասել է նա: Օհանյանի խոսքով, դաշինքում կան փորձառու մարդիկ, որոնք կարող են եղած խնդիրները լուծել: «Մենք եկել ենք աշխատելու: Այն փորձը, որ ունենք մենք բոլորս միասին, անկասկած իրականացնելու ենք կառավարման համակարգում գործունեություն իրականացնելու համար»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Օհանյանը նշել է, որ փորձելու են իշխանությունների ու հասարակ մարդկանց միջև եղած անջրպետը վերացնել: Նրա խոսքով, կան մարդիկ, ովքեր նյութապաշտական մղումներից ելնելով, մոռանում են իրենց արժանապատվության մասին: «Այսօր մենք ուշադրություն ենք դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու անձնական արժանապատվությանը: Իմ ղեկավարման տարիներին նույն հարթության վրա են եղել զինվորն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև մենք միասին ենք կերտում Հայաստանի անվտանգությանը»,-ասել է նա:

Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով Օհանյան-Օսկանյան դաշինքի ցուցակը՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը թվարկել է ներկայացված անունները՝ ըստ հերթականության՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Երվանդ Բոզոյան և Ստեփան Մարգարյան, հայտնում է Armtimes.com-ը:

«Ներկայացված 10 թեկնածուից 7-ը «Համախմբման» ներկայացուցիչներն են, ինչը ցույց է տալիս, որ Սեյրան Օհանյանն իր ամբողջ հենքը պատկերացնում է «Համախմբման» հիման վրա»,- ընդգծել է բանախոսը:

Փետրվարի 12-ին կայացել է «Ժառանգության» վարչության նիստը: Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» կմասնակցի Օհանյան-Օսկանյան դաշինքով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձևավորվող դաշինքից:«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ևս որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թվականի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին: