14 սեպտեմբերի 2007 - 18:04 AMT
«ՎիմպելԿոմը» դեռեւս մտադիր չէ վերանվանել «ԱրմենՏելը»
«ՎիմպելԿոմը» ձեռնպահ կմնա «ԱրմենՏելի» վերանվանումից բջջային կապի ոլորտում, քանի դեռ չի լուծել Հայաստանում BeeLine առեւտրային նշանի պատկանելության իրավունքի հետ կապված խնդիրները: «ԱրմենՏել» ապրանքանիշը, որն առկա է Հայաստանում, հզոր եւ հայտնի ապրանքանիշ է»,-հայտարարել է «ՎիմպելԿոմի» գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը: Ելնելով դրանից, ըստ նրա, ընկերության ղեկավարությունն աշխատում է այդ ապրանքանիշի հետ, շարունակելով Հայաստանում BeeLine ապրանքանիշի ներմուծման հետ կապված խոչընդոտների վերացման շուրջ բանակցությունները: «Ցանկացած ապրանքանիշի ներմուծում ոչ միայն «Վիմպելկոմի» պարտավորությունն ու հնարավորությունն են, որ ներկայացված են Ռուսաստանում: ապրանքանիշի ներմուծումը միշտ կապված է որոշակի ակտիվության հետ»,-ասել է փոխնախագահը:

Դ.Պլեսկոնոսն ընդգծել է, որ առաջնային է «ԱրմենՏելի» ներկայացրած ծառայությունների որակի բարելավումը: «Դա կապված է ծառայությունների առավել մեծ շրջանակ մատուցելու հետ, որից հետո կարելի է արդեն մտածել այլ ծրագրերի մասին»,-նշել է Պլեսկոնսը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նախկինում Պլեսկոնոսը հայտարարել է, որ «ՎիմպելԿոմը» շահագրգիռ է իր BeeLine ապրանքանիշը Հայաստանի բջջային շուկա ներմուծելու հարցում: Անդրադառնալով համակարգչային տեխնիկայի հավաքման եւ վաճառքի հայկական Bi Line ընկերության հետ ծագած խնդրին, որը կապված է երկու առեւտրային նշանների նմանության հետ, Դ.Պլեսկոնոսը նշել է, որ այդ ընկերության հետ բանակցություններ են ընթանում «Բիլայն» ապրանքանիշը համատեղ օգտագործելու հնարավորության վերաբերյալ: