Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք է տեղափոխվել մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը:
Սիրիայի հայկական համայնքների ուժերով մարդասիրական օգնությունը, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք և հագուստ, կբաշխվի ինչպես Լաթաքիայի, այնպես էլ Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին ու հակամարտությունից տուժած սիրիացի ժողովրդին:
Լաթաքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները կարևորել են սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող օգնությունը և այն ուշադրությունը, որ Հայաստանը դրսևորում է սփյուռքի հայկական համայնքների նկատմամբ: Առաջիկա օրերին Սիրիա կառաքվի նաև մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Հայաստանից 2017-ի փետրվարի 14-ին 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա: Սա երկրորդ անգամն էր, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստանը, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության հետ, կազմակերպում է մարդասիրական օգնության առաքումը Սիրիա, Սիրիայի բարեկամ ժողովրդին: