Փետրվարի 24-ի առավոտից հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում:
Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն:
Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունները ճնշելու և առաջնագծում վերջինիս հետագա սադրանքները կանխելու նպատակով դիմել են պատասխան գործողությունների: Ներկա պահին իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 830 կրակոց: Արցախի հանրապետության ՊՆ հաղորդմամբ, շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ):