28 փետրվարի 2017 - 15:36 AMT
Հասրաթյան. Ադրբեջանը լռում է՝ ինչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ, և որքան կորուստ են կրել

Ադրբեջանի ՊՆ- ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերևս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են և դրանց արդյունքում կրած կորուստները: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, որտեղ զինվորի զոհվելու տեղի, ժամի մասին ոչ մի խոսք չկա:

«Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»:

Սակայն, այս փորձերի արդյունավետությունը փոշիանում է, երբ հարևան երկրի հանրությանը հայտնի է դառնում հերթական «շեհիդի» անունը, ասենք այնպես, ինչպես եղավ այսօր... Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր «շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը»: Իսկ թե երբ, որ ժամին և որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք:

Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների ևս, մանավանդ, որ առ այսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին: Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ի՞նչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ և որքա՞ն կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները»,- գրել է Հասրաթյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ փետրվարի լույս 25-ի գիշերն Արցախի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիայի ընթացքում վիրավորված ադրբեջանցի զինծառայողներից մեկը մահացել է:Զոհվածն Էլվին Սուլեյման օղլու Ախմեդովն է: Նրա զինվորական կոչումն ու կենսագրական տվյալները չեն նշվում: