25 սեպտեմբերի 2007 - 16:03 AMT
Ռուսաստանի գործարար աշխարհը պատրաստ է միջոցներ ներդնել Հայաստանում եւ ակտիվորեն աշխատել
Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական բանակցությունների արդյունքում արձանագրություն են ստորագրել փոխադարձ առեւտրում ԱԱՀ-ի զրոյական հաստիքի կիրառում նախատեսող անուղղակի հարկման սկզբունքների մասին 2000 թվականի համաձայնագիրն երկարացնելու մասին: Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին, Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը նշել է, որ ռուսական կողմը նման համաձայնագիր է ստորագրում այն երկրների հետ, որոնց հետ ունի բարիդրացիական հարաբերություններ: Այդ փաստաթուղթը թույլ է տալիս երկու երկրներին վստահելի բիզնես վարել:

Անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի ներդրումային քաղաքականությանը` Վ.Զուբկովը նշեց, որ առաջիկայում ռուսական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կկրկնապատկվի եւ կկազմի շուրջ 1,5 մլրդ դոլար: Ներդրումները կուղղվեն կոնկրետ ձեռնարկությունների աշխատքնին, Հայաստանում նավթամշակման գործարանի կառուցմանը: «Ռուսական բիզնեսը պատրաստ է միջոցներ ներդնել Հայաստանում եւ ակտիվորեն աշխատել»,-հավաստիացրել է ՌԴ վարչապետը:

Վ.Զուբկովը նշել է նաեւ, որ հայկական շինարարական ընկերությունները, ինչպես նաեւ հայկական շինանյութը կարող են օգտագործվել Սոչիում 2014 թվականին կայանալիք Օլիպիադայի օբյեկտների կառուցման համար: «Հայաստանը միշտ հայտնի է եղել իր լավ շինանյութով եւ շինարարներով, որոնք կարող են այդ շինանյութը լավ գործերի վերածել, ուստի չի բացառվում, որ Սոչիի 2014 թ. Օլիմպիադան կարող է լավ խթան հանդիսանալ հայկական շինանյութի օգտագործման համար»,-նշել է Վ.Զուբկովը, հաղզորդում է «Ռեգնում» գործակալությունը: