27 սեպտեմբերի 2007 - 13:27 AMT
ԱՄՆ պաշտոնաթող պետքարտուղարները դեմ են Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին
Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ պաշտոնաթող պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորեն Քրիսթոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հեյգը, Հենրի Քիսինջերը, Քոլին Փաուելը եւ Ջորջ Շուլցը դիմել են նամակով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որտեղ համոզում են նրան չդնել քվեարկության Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Պետդեպարտամենտի նախկին ղեկավարները մտահոգված են նրանով, որ «բանաձեւի ընդունումը կարող է վտանգել ԱՄՆ ազգային անվտանգության շահերը տարածաշրջանում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»:
«Հայտնվելով Կոնգրեսի աճող երկկուսակցական մեծամասնության առջեւ, որն աջակցում է 106-րդ բանաձեւին, թուրքական լոբբին հուսահատությունից եւ որքան կարելի է շատ միջոցներ ստանալու մշտական ցանկությունից դիմել է Թուրքիայի հանդեպ ԱՄՆ չհաջողված քաղաքականության ճարտարապետներին: Ցավոք, ԱՄՆ-ի աշխատակազմը պարբերաբար բարոյական ուժի պակաս է զգում` դադարեցնելու համար ցեղասպանությունների ցիկլը` Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում: Մեզ, ամերիկացիներիս, հատկապես մտահոգում է այն փաստը, որ Կոնգրեսի զգուշացումների տակ թաքնված է վախը Թուրքիայից եւ որ նրանք օգտվում են մեր ազգային խղճից հաճոյանալու համար օտարերկրյա կառավարությանը»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակն է Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը: Բանաձեւն ընդգրկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են 226 կոնգրեսականներ: ԱՄՆ Սենատ նմանատիպ օրինագիծ է ներկայացրել Սենատում մեծամասնության առաջնորդի օգնական, սենատոր Դիկ Դուրբինը: Փաստաթղթին սատարում է 32 սենատոր: