Հայաստանը ներկայացնող առաջատար ըմբիշները կմասնակցեն մարտի 3-ին Կիևում մեկնարկող միջազգային մրցաշարին, որին հայտավորվել է 21 երկրի 337 մարզիկ:
Կիևի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Վարշամ Բորանյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը, Սարգիս Քոչարյանը (երկուսն էլ 80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Շահինյանը (98 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):
Մինչև այդ Երևանի Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա արդեն 2-րդ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը, որին ընտրանու գլխավոր մարզչի՝ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ 24 ըմբիշ է մասնակցել: Նրանց թվում էին 2016 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98կգ) և 2012 թ. Օլիմպիադայի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75կգ):
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքը մայիսի 2-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք ըմբշամարտի 2017 թ. Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլերից էր հանդիսանում: