3 մարտի 2017 - 12:31 AMT
Սերժ Սարգսյան. Ես ՀՀԿ առաջնորդն եմ և շարունակում եմ մնալ այդ կարգավիճակում

ԵՄ հետ Հայաստանի նոր համաձայնագիրն այնքան էլ չի տարբերվում նախորդից: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Euronews-ին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ գրեթե ոչ մի տարբերություն չկա քաղաքական մասում, իսկ տնտեսական մասով հարկ էր խուսափել ԵՏՄ-ում անդամության հետ կապված պարտավորությունների հետ հակասություններից:

Հայաստանն ու Եվրամիությունն ավարտել են Համապարփակ և ընդլայնված գործակցության վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Դա տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցի ժամանակ: Համաձայնագիրը կստորագրվի մայիսին:

Անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և անցմանը կառավարման խորհրդարանական մոդելին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ-ն ցանկալի երկիր կլինի յուրաքանչյուր հայի համար: «Ես համոզված եմ, որ խորհրդարանական մոդելն ավելի արդյունավետ է: Այն ավելի լավ պայմաններ է ապահովում պետական կառավարման համար, երկրի կառավարմանը մասնակցելու ավելի լավ հնարավորություններ է ընձեռում քաղաքացիներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Մենք նաև ցանկանում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ մեր քաղաքացիներն ավելի քիչ պատճառներ ունենան բողոքների համար»,-ասել է նախագահը

Անդրադառնալով այն փաստին, որ իր անունը չկա ՀՀԿ նախընտրական ցուցակում, և պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ նա հեռանում է քաղաքականությունից՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դա նշանակում է, որ մենք ընդունում ենք մեր ընդդիմության արտահայտած մտահոգությունը ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի կիրառման առումով: Դա նշանակում է նաև, որ մենք քաղաքականության մեջ դրսևորվելու հնարավորություն ենք տալիս երիտասարդներին: Արդեն 10 տարի է, ես ՀՀԿ առաջնորդն եմ և շարունակում եմ մնալ այդ կարգավիճակում»:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: