«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հասարակության դատին է ներկայացնում իր նախընտրական ծրագիրը՝ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»: Այս ծրագրի հիմքում դրված է երկու սկզբունք՝ ներառված են ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր կարևորագույն խնդիրները; փոփոխությունների արդյունքները պետք է երևան ոչ թե հեռավոր ապագայում, այլ իրական կյանքում և հիմա։
ՕՐՕ դաշինքը մասնավորապես առաջարկում է.
- Վերացնել արհեստական մենաշնորհների արատավոր համակարգը,
- Ձևավորել մրցակցային դաշտ այն ոլորտներում, որտեղ այսօր իշխում է արհեստական մենաշնորհը,
- Բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա և տեղական ներդրումների համար,
- Փոքր՝ մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով,
- Աջակցության մեխանիզմներ նոր հիմնվող փոքր բիզնեսի համար:
- Ավելացված արժեքի հարկը սահմանել 18 տոկոս:
- Ընդունել հարկային նոր օրենսգիրք՝ ապահովելով տնտեսական նոր որակի հարաբերությունների առաջացումը:
- Իրականացնել տեղական արտադրողին աջակցող դրամավարկային քաղաքականություն:
- Հարկային քաղաքականությունը պետք է իրականացվի ազատականության արևմտյան հայտնի սկզբունքների կիրառմամբ:
- Արմատապես բարելավել մաքսակետերի աշխատանքը, որը պետք է դարձնել տնտեսության զարգացման, առողջացման հենասյուներից մեկը:
- Բիզնես հիմնելը և բիզնեսով զբաղվելը պետք է դիտվեն որպես հայրենասիրության դրսևորման ձև, իսկ պետծառայողների և այլոց կողմից բիզնեսին խոչընդոտելը՝ պետական ծանր հանցագործություն,
- Փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը պետք է համարվի ազգային-ռազմավարական խնդիր:
- Պետական գնումների ու ծախսային քաղաքականության հատվածում պետք է կոշտ վերահսկողություն ապահովել և թույլ չտալ «լեգալ» կոռուպցիոն մեխանիզմի գործարկումը:
- Խթանել 250 մլն դրամը գերազանցող, չաշխատող (որոնց գործարկումից այլ հարկային մուտքեր բյուջե չեն կատարվում) ակտիվների` ոչ բնակելի անշարժ գույքի գործարկումը՝ ավելացնելով դրանց հանդեպ գույքահարկը:
- Բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները: Ավելացնելով դրա գինը ընդամենը 3 տոկոսով՝ գործողության ժամկետը հնարավոր է կրկնապատկել,
- ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում Հայաստանը կրկին ընդգրկել «Հազարամյակների մարտահրավեր» տնտեսական ծրագրում։
Ծրագրում նշված է, որ բանակի մարտունակության բարձրացման, արդիականացման և տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու, ինչպես նաև խաղաղություն պարտադրելու նպատակով անհրաժեշտ է.
Բանակն աստիճանաբար համալրել արհեստավարժ ստորաբաժանումներով, բարձրացնել նրանց աշխատավարձը՝ սկզբնական շրջանում հասցնելով 240 հազար դրամի:
Բարձրացնել սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձը:
Ապահովել բանակի անհրաժեշտ ու մրցունակ սպառազինության և նյութատեխնիկական հագեցածության բարձր աստիճան:
Հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում խորքային համագործակցություն հաստատել միջազգային ուժային կենտրոնների հետ՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը:
Դաշինքը շեշտում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի հետևյալ սկզբունքների վրա` հայաստանակենտրոնություն, անկախություն, ինքնիշխանություն, հավասարակշվածություն, իրատեսություն։
Արցախի հարցում կայուն և երկարատև խաղաղության հաստատման, Արցախի անվտանգության ապահովման համար դաշինքն անհրաժեշտ է համարում.
- Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանել ուժերի հավասարակշռությունը. ուժերի հարաբերակցության խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
- Խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը հայերի և ադրբեջանցիների միջև՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար. առանց փոխվստահության մթնոլորտի խոսել այս խնդրի կարգավորման մասին անպտուղ է և անիմաստ:
- Բացառել միակողմանի ցանկացած զիջում։
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որևէ համաձայնության:
Մեր դաշինքը համոզված է, որ այս խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը», - ասված է ծրագրում:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:
Կարդացեք նաև՝ ՀՅԴ նախընտրական ծրագրում՝ գործազրկության, աղքատության խնդիրները, Արցախի միավորման հարցը
Էնֆիաջյան. «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի ստեղծված իրավիճակում փոփոխությունների իր տեսլականը