6 մարտի 2017 - 16:20 AMT
Արգենտինահայ բարերարները 4 նորածնային ինկուբատոր են նվիրել Արցախին

Արգենտինահայ բարերարներ Դանիել և Իզաբել Յուսեֆյանների ֆինանսական աջակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը երկուական ինկուբատոր (կյուվեզ) և մոնիտոր է նվիրաբերել Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի և «Արևիկ» մանկական բուժմիավորման նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներին:

Գերմանական «Դրեգեր» արտադրության այս գերժամանակակից ինկուբատորները օպտիմալ պայմաններ են ապահովում անհաս և փոքր քաշով ծնված նորածինների կյանքի ու կենսագործունեության համար: Խոնավության, ջերմաստիճանի, թթվածնի համապատասխան մակարդակի ապահովումը նորածնին հնարավորություն է տալիս դուրս գալ կրիտիկական վիճակից: Մոնիտորներն էլ ապահովում են նորածինների շնչառական և սիրտ-անոթային համակարգի գործունեության հսկողությունը:

«Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի խոսքով՝ նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը կենտրոնի կարևոր օղակներից է:

Արցախում տարեկան ծնվում է 100-120 անհաս կամ փոքր քաշով երեխա, ինչպես նաև հասուն նորածիններ, որոնք ախտաբանական տարբեր խնդիրների պատճառով լիարժեք հսկողության կարիք ունեն: Սարքավորումները հնարավոր են դարձնում մանկածինների համապատասխան խնամքը, վերականգնումն ու բուժումը: