Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ սահմանել Նիդերլանդների դեմ, եթե երկրի իշխանությունները թույլ չտան իրեն Ռոտերդամ մեկնել նախընտրական հանրահավաքին մասնակցելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:
Ավելի վաղ Նիդերլանդների թուրքերի ասոցիացիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Չավուշօղլուն մարտի 11-ին կայցելի Ռոտերդամ և կմասնակցի հանրահավաքին՝ համոզելու համար երկքաղաքացիություն ունեցող թուրքերին սատարել Թուրքիայի սահմանադրության փոփոխությանը: Հոլանդական քաղաքի քաղաքապետը հայտարարել էր, որ քարոզչական հանրահավաքը թուրք նախարարի մասնակցությամբ չի կայանա:
Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում ասել էր, որ մտադիր է մեկնել Ռոտերդամ, չնայած Նիդերլանդների իշխանությունների արգելքին:
Մարտի 10-ի երեկոյան Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբն ասել է, որ երկրի իշխանությունները թույլ չեն տա Թուրքիայի ԱԳ նախարարին մասնակցել քարոզարշավին այդ երկիր իր այցի ժամանակ: Նա հավելել է, որ խոսքը նրա մուտքը երկիր արգելելու մասին չէ:
Ավելի վաղ Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսը դեմ էր արտահայտվել թուրք նախարարների կողմից երկրում քարոզչական միջոցառումների անցկացմանը: Անկարան իրազեկվել էր այդ մասին: Չավուշօղլուն իր հերթին անընդունելի է համարել Նիդերլանդների իշխանությունների գործողությունները:
Գերմանական Համբուրգում ևս տեղի իշխանությունների որոշմամբ չեղարկվել էր մարտի 7-ին նախանշված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը: