13 մարտի 2017 - 13:29 AMT
Թուրքիայում շփոթել ու այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքիայի Սամսուն քաղաքում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը:

Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի երկրի տարածքում, որտեղ սահամանդարական հանրաքվեի քարոզչության շրջանակներում նախատեսվում էր նախարարի հանդիպումը թուրքական համայնքի հետ:

Մեկ տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Սամսունի կենտրոնում, երգել Թուրքիայի հիմնը և հանդիսավոր կերպով վառել «Հոլանդիայի դրոշը», թուրքական Birgun-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Սակայն, ինչպես նշում է կայքը, նկարներից և տեսանյութից պարզ է դառնում, որ ցուցարարները շփոթել են գույներով իրար նման Հոլանդիայի և Ֆրանսիայի դրոշները (երկու դրոշներում էլ կան կարմիր, սպիտակ և կապույտ գույները):

Նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 2014 թվականի ապրիլի 25-ին Իգդիրում, երբ մի խումբ թուրքեր Հայաստանի դեմ ցույցի ժամանակ հայկական եռագույնի փոխարեն այրել էին Կոլումբիայի դրոշը:

Կարդացեք նաև՝ Նիդերլանդների վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայից