15 մարտի 2017 - 15:38 AMT
Նախարար. ՀՀ և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային հարցերում համընկնում են

Հայաստանի և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային հարցերում հիմնականում համընկնում են: Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը RT-ին տված հարցազրույցում:

«Իրանը մեր հազարամյա հարևանն է, դա մեծ քաղաքակրթություն է, Իրանը ՀՀ անկախացման առաջին իսկ օրից հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իրանը, մշտապես իր ջանքերն առաջարկելով կողմերի դիրքորոշումների մերձեցման համար, շատ զուսպ դիրքորոշում է որդեգրել»,-ասել է Սարգսյանը:

Ըստ Հայաստանի ՊՆ ղեկավարի, Հայաստանն ու Իրանն ավանդաբար լավ հարաբերություններ ունեն քաղաքական երկխոսության, տնտեսության և մշակույթի ոլորտներում:

Սարգսյանն ասել է, որ Իրան կատարած այցի ժամանակ նա խորհրդակցություններ է ունեցել գործընկերների հետ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ տարածաշրջանին առնչվող շատ հարցերում շահերի համընկնում կա: «Իրանը հանդես է գալիս որպես կայունության պահպանման, հակամարտությունների սրացման կասեցման կողմնակից, Հայաստանը ևս այդպիսի դիրքորոշում ունի»,-ասել է Սարգսյանը:

Նա հույս է հայտնել, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև գործակցությունը կհասնի նույն մակարդակին, ինչ մյուս ոլորտներում է:

Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ։ Այս մասին հունվարի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին Վիգեն Սարգսյանը և Ալի Ակբար Վելայաթին ընդգծել են, որ այն ռազմական լուծում չունի և կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։