«Ելք» դաշինքի անդամներ, Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի և լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչի հետ:
Ըստ դաշինքի հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են լրատվական միջոցների կողմից քարոզարշավի լուսաբանման խնդիրները, իշխանությունների և նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից Ազգային ժողովի ընտրությունների ապաքաղաքականացման միտումները:
Մասնավորապես, «Ելք» դաշինքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հեռուստաեթերում քաղաքական բանավեճերի բացակայության և իշխող Հանրապետական կուսակցության և մի շարք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից բանավեճերից հրաժարվելու վերաբերյալ: Հարցի շուրջ քննարկվել են նաև հնարավոր օրենսդրական լուծումներ։
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: