Հայաստանի լողորդները 2018-ին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի մասնակցության 2 վարկանիշ ձեռք բերելու իրական հնարավորություններ ունեն:
Հայաստանի լողի դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը հայտնել է, որ արդեն այսօր երկու հայ լողորդ օլիմպիական վարկանիշին իրականորեն հավակնելու արդյունքներ են ցույց տալիս, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
«Չեմ ցանկանում առաջ անցնել, բայց այսօրվա արդյունքները հույս են ներշնչում, որ Բուենոս Այրեսում մենք երկու մարզիկ կունենանք:
Պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար լինելու է 2017-ի օգոստոսին` Ինդիանապոլիսում կայանալիք պատանիների (մինչև 18 տարեկան) և աղջիկների (մինչև 17 տարեկան) աշխարհի առաջնությունը:
Լողորդները ևս մեկ հնարավորություն կստանան ամառային պատանեկան եվրոպական օլիմպիական փառատոնում՝ հուլիսի 23-30-ը Հունգարիայի Դյոր քաղաքում»,- ասել է դաշնության գլխավոր քարտուղարը:
Ապրիլի 27-29-ը կանցկացվի Հայաստանի լողի առաջնությունը, որի արդյունքներով կկազմավորվի միջազգային կարևոր մրցաշարերին մասնակցող հավաքականի կազմը: Օգոստոսի վերջին Ինդիանապոլիսում (ԱՄՆ) կկայանա պատանիների (մինչև 18 տարեկան) և աղջիկների (մինչև 17 տարեկան) աշխարհի առաջնությունը: