Բուլղարիայում ցուցարարները մի շարք անցակետեր են փակել Թուրքիայի հետ սահմանին: Նրանք հայտարարել են, որ դա արվում է կանխելու համար այսպես կոչված «ընտրական զբոսաշրջությունը» մարտի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Մարտի 26-ին տեղի կունենան Բուլղարիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում բնակվող Բուլղարիայի քաղաքացիների մի մասը գերադասում է քվեարկել Բուլղարիայի տարածքում, ոչ թե Թուրքիայում: Այդ նպատակով մի շարք քաղաքական կուսակցություններ տրասնպորտ են հատկացրել և արդեն մի քանի ավտոբուս Ստամբուլից հասել է Բուլղարիայի քաղաքներ:
Ըստ ցուցարարների, դա կարող է սպառնալ երկրի անվտանգությանը, նպաստել ընտրությունների կեղծարարությանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Անցակետերի մոտ հավաքված բուլղարացիները հայտարարել են, որ չեն հեռանալու մինչև մարտի 26-ը՝ խոչընդոտելու համար Թուրքիայից ավտոբուսների հոսքին: Այդ նպատակով նրանք պատնեշներ են սարքել անվադողերից և շղթաներից: Ըստ ցուցարարների, նրանք տվյալներ ունեն, որ մինչև ընտրությունները նախատեսվում է ընտրողներով հազարավոր ավտոբուսների երթևեկություն Թուրքիայից:
Ավելի վաղ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հաստատել էր Թուրքիայի միջամտության փաստը մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարություններ են արել Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների հասցեին:
Մասնավորապես, մարտի 6-ին Թուրքիայի աշխատանքի նախարար Մեհմեդ Մյուզինօղլուն Ստամբուլում Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող ներգաղթյալների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կոչ է արել քվեարկել թրքամետ ԴՕՍՏ կուսակցության օգտին: Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է սատարել կուսակցությանն ու «համատեղ քաղաքական ապագա» կառուցել: Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայում ապրող Բուլղարիայի քաղաքացիները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ երկրում բացվելու են արտերկրում քվեարկության համար նախատեսված տեղամասեր:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բուլղարիայի կառավարությունը հետ է կանչել դեսպանին Թուրքիայից:Մարտի 7-ին Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպան Սուլեյման Գյոկչեն, որին բողոք է հայտնվել Անկարայի գործողությունների վերաբերյալ: