Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ախթալայի քաղաքապետարանի միջև կնքվել է գործակցության հուշագիր Ախթալա քաղաքում տեխնոլոգիական կրթության և բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Համագործակցության հուշագիրը ստորագրել են Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Այս համագործակցությամբ կողմերը կհամատեղեն իրենց ջանքերը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման, մասնագիտական կրթության և ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար:
Կողմերը երկուստեք կարևորել են, որ տեխնոլոգիական կրթությունը լուրջ մրցակցային առավելություն է ստեղծելու Ախթալայի և հարակից բնակավայրերի համար: Այս համագործակցությամբ կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ Ախթալան որպես «Սմարթ քաղաք» դիրքավորելու համար:
ԻՏՁՄ-ի ջանքերով և մի շարք աջակից ընկերությունների ու Կառավարության աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում գործում է մոտ 197 ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում է մոտ 5000 դպրոցական: Դրանցից 110 լաբորատորիան ներկայումս համալրված է եռաչապ տպիչով, թվային կառավարվող շաղափային հաստոցով (CNC) և տվյալ խմբակների սաները սովորել և սովորում են եռաչափ մոդելավորում: Վերջինիս իմացությունը երեխաներին հնարավորություն է տալիս իրականացնել նաև թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացում: