Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է ԵԼՔ դաշինքի վստահված անձը: Այդ մասին Վանաձորից տեղեկացրել է ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Պահանջում ենք, որ մեզ տան քվեարկության մասին արձանագրություն և, թե ինչու է նա հեռացվել, բայց մեզ արձանագրություն չեն տալիս», - նշել է նա։
Էդմոն Մարուքյանն ընդգծել է՝ որոշել են քվեարկությամբ հեռացնել, բայց չեն կարողանում պատճառաբանել: «Մեր վստահված անձը հայտնաբերել է խախտումներ, և նրանք շատ են անհանգստացել դրանից, բացակա անձանց դիմաց կետեր են դրված եղել մատյանում, և նա պահանջել է կազմել արձանագրություն, որին հետևել է հանձնաժողովի քվեարկությունը՝ նրան ընտրական տեղամասից հեռացնելու մասին: Մենք նոր վստահված անձ ենք այստեղ ներկայացրել, սակայն նախորդ վստահված անձի հեռացման որոշումը մեզ վախենում են հանձնել: Կարծում եմ՝ անգամ այս իրավիճակում ելք կա, և բոլոր պատասխանատուները պատժվելու են», - նշել է Մարուքյանը։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:
Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: