19 հոկտեմբերի 2007 - 19:02 AMT
Թուրքիան այսօր գտնվում է «քաղաքակրթական մեկուսացման» մեջ
Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը անշրջելի է: Այդ մասին հոկտեմբերի 19-ին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Պատմաբանի կարծիքով, Թուրքիան այսօրվա դրությամբ գտնվում է այսպես կոչված «քաղաքակրթական մեկուսացման» մեջ, եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 106-րդ բանաձեւի ընդունումը կարող է «հոգեբանական հետեւանքների» հանգեցնել թուրք ժողովրդի համար, մասնավորապես, սեփական պատմության եւ ինքնության վերանայման: «Դա ամենավտանգավոր բանն է թուրքերի համար»,- նշել է պատմաբանը: Նրա խոսքերով, Թուրքիայի խնդիրը ոչ թե դրսից է, այլ գտնվում է երկրի ներսում: Այն կապակցությամբ, որ մի շարք ամերիկացի կոնգրեսականներ ետ են կանչել իրենց ստորագրությունները հոկտեմբերի 10-ին ընդունված բանաձեւի հարցով, Դեմոյանը բացատրել է այդ փաստը «բարոյական սանդղակի բացակայությամբ եւ սեփական կարծիքն անընդհատ փոխելու սովորությունից»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին: Քվեարկության օրը Պալատում դեռ որոշված չէ: Չնայած, որոշ կոնգրեսականներ` Թուրքիայի ճնշման ներքո, ետ են կանչել բանաձեւի աջակցության իրենց ստորագրությունները: