10 ապրիլի 2017 - 12:28 AMT
Ամփոփում. ՀՀԿ-ն 58 մանդատ է ստանում ԱԺ-ում, «Ծառուկյան» դաշինքը ՝ 31, ԵԼՔ-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանում է 58 մանդատ, որից երեքն ազգային փոքրամասնությունների 3 ներկայացուցիչ (եզդի, ասորի, քուրդ), «Ծառուկյան» դաշինքը ստանում է 31 մանդատ, որից մեկը ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի մանդատները համապետական ընտրական ցուցակների և տարածքային ընտրական ցուցակների միջև բախշում են հետևյալ կերպ. ՀՀԿ՝ համապետական ընտրական ցուցակների թեկնածուներին տրվող մանդատների թիվը (համապետական ցուցակի առաջին մաս)՝ 28, տարածքային՝ 27, «Ծառուկյան» դաշինք՝ համապատասխանաբար՝ 15, 15, «Ելք» դաշինք՝ համապատասխանաբար՝ 5, 4, ՀՅԴ` համապատասխանաբար՝ 4, 3:

Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։