10 ապրիլի 2017 - 14:41 AMT
ԵՊՀ դասախոսները կսովորեն զենք կիրառել և առաջին բուժօգնություն ցուցաբերել

Երևանի պետական համալսարանի այն դասախոսները և գիտաշխատողները, որոնք ժամանակին օրենքով սահմանված կարգով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, մասնակցելու են համապատասխան դասընթացների:

Համալսարանականները հնարավորություն կունենան գիտելիքներ ստանալ զենքի կիրառման, դրանց առանձնահատկությունների և առաջին բուժօգնության հիմունքների վերաբերյալ, տեղեկացնում է ԵՊՀ-ն:

Դասընթացները տևելու են 4 օր:

Դրանք կազմակերպում է բուհի արհեստակցական կազմակերպությունը` պաշտպանության նախարարության աջակցությամբ: Մարտական պատրաստության բարձրացմանը միտված դասընթացները կանցկացվեն Նուբարաշենի Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը ակնկալում է ծրագիրը դարձնել պարբերական, իսկ այժմ այդ հնարավորությունը ստացել է մինչև 40 տարեկան 40 դասախոս և գիտաշխատող: