10 ապրիլի 2017 - 17:41 AMT
Հաշմանդամություն ունեցողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը կապահովվի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Երևանի ավագանու 2017թ. մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև շտկել այն թերությունները, որոնք այդ մասով նկատվել էին մայրաքաղաքի ընտրական տեղամասերի մուտքերում՝ Աժ ընտրությունների օրը:

Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին էլ տրվել է հանձնարարական` պատշաճ տեսքի բերելու գովազդային այն վահանակներն ու վայրերը, որոնք օգտագործվել են ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ դրանք նախապատրաստելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախընտրական փուլում համապատասխան կիրառման համար: