11 ապրիլի 2017 - 14:32 AMT
Սահմանամերձ Բարեկամավան և Կիրանց գյուղերի տներում տեղադրվել են էներգախնայող լամպեր

«Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունն ապրիլի 8-ին այցելել է Տավուշի մարզ: Այցի նպատակը վերոնշյալ սահմանամերձ գյուղերի բնակիչների տներում էներգախնայող-էներգաարդյունավետ լամպերի տեղադրումն էր:

Ինչպես նախորդ այցելությունների ընթացքում, այս անգամ ևս նախաձեռնության անդամները կամավորների հետ միասին հանդիպել են համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 5-ական լուսադիոդային (LED) լամպ՝ հետագայում նրանց տներում տեղադրելու նպատակով:

«Լուսավոր սահման»-ն արդեն լուսադիոդացրել է Հայաստանի և Արցախի սահմանամերձ 10 գյուղի տները: Կամավորական նախաձեռնության նպատակն է սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները և սովորեցնել բնակիչներին խնայողության խելացի միջոցների մասին:

Նախաձեռնության մեկնարկել է 2016թ. նոյեմբերին: Այն կյանքի է կոչվել մի խումբ բարերարների ուղղակի և անուղղակի ներդրումներով: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21 մլն 200.000 ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 9200 LED լամպ և մի շարք ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ: