ԱՄՆ-ն պատրաստ է միայնակ լուծել Հյուսիսային Կորեայի հարցը: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Twitter-ում:
«Հյուսիսային Կորեան չափն անցնում է: Եթե Չինաստանն օգնի, հրաշալի կլինի: Եթե չօգնի՝ առանց նրանց կլուծենք հարցը»,-նշել է նա, գրում է Lenta.ru-ն:
Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն անսպասելի կերպով դեպի Հարավային Կորեայի ափեր է ուղարկել ռազմանավերի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Սկզբից նախատեսվում էր, որ նավը նավահանգիստ պետք է մտներ Ավստրալիայում:
Ավելի վաղ Հարավային Կորեայի ազգային միավորման գծով նախարար Հոն Յոն Փհեն մտահոգություն էր հայտնել, որ ամերիկացիները կարող են կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի օբյեկտներին:
Փհենյանն իր հերթին հայտարարել է. «Եթե ԱՄՆ-ն համարձակվի ընտրել ռազմական գործողությունների ուղին, ՀԿԺՀ-ն պատրաստ է արձագանքել ռազմական գործողությունների ցանկացած ձևով»:
Հյուսիսային Կորեայի թեման քննարկվել է Թրամփի Չինաստան այցի ժամանակ՝ ապրիլի 6-ին և 7-ին: