11 ապրիլի 2017 - 17:50 AMT
Ուզբեկստանն ու Տաջիկստանը 25 տարի անց վերականգնել են ավիահաղորդակցությունը

25-ամյա ընդմիջումից հետո վերականգնվել է ավիահաղորդակցությունը Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև: Ուզբեկական ավիագծերի ինքնաթիռը ապրիլի 11-ին վայրէջք է կատարել Դուշանբեի օդանավակայանում: Ժամանել է 25 ուղևոր, գրում է Deutsche Welle-ն:

Այժմ կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ A 320 օդանավերով:

Կանոնավոր ավիահաղորդակցությունը Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև խզվել էր 1992-ին, երբ Տաջիկստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց:

2016-ին կողմերը պայմանավորվել են վերսկսել ավիահաղորդակցությունը և 2017-ի փետրվարին հայտարարեցին ավիատոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Սակայն, վերջին պահին ուզբեկական կողմը չեղարկեց տաջիկական ավիափոխադրողի չվերթը, որը պետք է կայանար փետրվարի 20-ին: Տաշքենդում հայտարարեցին, որ թռիչքները կվերսկսվեն ապրիլի 4-ին և կիրականացվեն ուզբեկական ավիափոխադրողի կողմից: Սակայն ապրիլի 4-ի չվերթը կրկին հետաձգվեց՝ մինչև ապրիլի 11-ը: