ԳԴՀ գլխավոր դատախազությունը Դորտմունդի պայթյունները որակել է որպես ահաբեկչություն և չի բացառում, որ դրանց հետևում իսլամիստներն են կանգնած: Այդ մասին լրագրողներին է հայտարարել դատախազության ներկայացուցիչը:
Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը:
«Հանգամանքները թույլ են տալիս ասել, որ կատարվածն ահաբեկչական ենթատեքստ է ունեցել: Հանցագործության վայրում 3 նույնական գրություն է հայտնաբերվել, որոնց բովանդակությունը թույլ է տալիս ենթադրել իսլամիստական հետքի առկայությունը», -ասել է նա:
Գերատեսչության ներկայացուցիչները նաև հավելել են, որ կասկածում են 2 իսլամիստների, որոնցից մեկը ձերբակալվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ Bild-ը հայտնել է, որ ԳԴՀ ոստիկանությունը ձերբակալել է պայթյունների իրականացման մեջ կասկակծվող անձին:
Պայթյունների վայրում խոստովանական գրություն է հայտնաբերվել, որը սկսվում է «Հանուն Ալլահի, ողորմած և գթասիրտ» բառերով:Գրության մեջ հիշատակվում է 2016-ի դեկտեմբերին Բեռլինի Սուրբ ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունը, ասվում է, որ գերմանական Tornado ինքնաթիռները մասնակցում են մահմեդականների սպանությանն այսպես կոչված «Իսլամական պետության» խալիֆայությունում: Ուստի, ասվում է նամակում, «Գերմանիայի և այլ խաչակիր երկրների մարզիկներն ու այլ հայտնի անձինք ԻՊ մահապարտների ցուցակում են»: Նամակում ասվում է, որ ցուցակն ուժի մեջ կլինի, քանի դեռ Գերմանիան իր ինքնաթիռները չի հանել Սիրիայից, չի փակել ԱՄՆ ռազմակայանը Ռամշթեյնում, գրում է Deutsche Welle-ն: