ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի հայտնի ձայնագրության վերաբերյալ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է, որ այդ նյութերը չի ցանկանում մեկնաբանել, քանի որ չի ուսումնասիրել դրանք:
Նրա խոսքով, այդ նյութերը հաստատված չեն. «Ինձ տեղեկացրել են, այդքան մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, բայց, ինձ թվում է կուսումնասիրվի՝ արդյոք պատգամավորության թեկնածուն տեղյակ է եղել այդ հավաքից, թե ոչ: Ես նույնպես մանրամասն կուսումնասիրեմ և դրան հետագայում կանդրադառնամ»:
Հարցին՝ եթե պարզվի, որ նա տեղյակ է եղել և այդպես ձայներ է հավաքել, մանդատը չպե՞տք է վայր դնի՝ Բաղդասարյանը պատասխանել է. «Եթե-ներով չենք շարժվում, առանց ուսումնասիրման չեմ կարող գնահատական տալ»: Հարցին, թե չի բացառում, որ դա կարող է լինել առանց Արտակ Սարգսյանի իմացության՝ Բաղդասարյանը պատասխանել է. «Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում: Հիմա բավականին հնարամիտ են մեր լրատվամիջոցները, կարող է և հնարքի դիմած լինեն»:
Նա տեղեկցրել է նաև, որ ԳՄ նիստ կունենան և եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ հարցը կքննարկեն:
Ապրիլի 13-ին մի շարք լրատվական կայքեր հրապարակել են փոստով իրենց ուղարկված՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը:
Ժողովը վարողն աշխատակիցներին ճնշում է՝ պարտադրելով «քարոզել, համոզել հարազատներին ու բարեկամներին» ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին: Բանախոսը շատ ձայներ բերողներին խոստանում է պարգևատրումներ, իսկ հակառակ դեպքում՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: