Facebook-ի ստորաբաժանումներից մեկն աշխատում է տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը թույլ կտա լսողությունից զրկված մարդկանց հնչյունները տարբերակել մաշկով: Այդ մասին հայտնել է TechCrunch-ը:
Ըստ նոր մշակումներով զբաղվող Building 8 բաժնի ղեկավար Ռեգինա Դուգանի, մասնագետներն աշխատում են սարքերի ու ծրագրային լուծումների վրա, որոնք թույլ կտան մարդկանց շրջակա ձայները վերածել վիբրացիայի, որոնք, չլսող մարդիկ կկարողանան «ընկալել» մաշկով: Սարքի ստեղծած որոշակի հաճախականությունները կընկալի ուղեղը՝ առանց լսողության օրգաններում վիբրացիաների մշակման:
Դուգանն այդ մշակումը համեմատել է Բրայլի այբուբենի կիրառման հետ:
Առաջին հրապարակային ցուցադրման ժամանակ սարքը կարողացել է 10 բառ վերածել իմպուլսի, ինչպես նաև դրանց բառակապակցությունները: Փորձի մասնակիցը կարողացել է «լսել» բոլոր արտահայտութունները, հայտնում է Lenta.ru-ն:
Հունվարին հայտնի դարձավ, որ Facebook-ը կզբաղվի նյարդահամակարգչային տեխնոլոգիաների մշակմամբ, որոնց միջոցով հնարավոր կլինի կարդալ և փոխանցել մտքերը: Ըստ սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգի, ապագայում մարդիկ հենց այդպես են շփվելու: