Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցն այն բանի, որ նոր ցեղասպանություն հայերն այլևս թույլ չեն տալու: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ հրապարակված ուղերձում:
«1915 թվականի այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում և գիտենք, որ հաղթել ենք մահին: Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու»,- շեշտել է նախագահը:
Նա նաև նշել է, որ տեղահանության քողի տակ իրականացված եղեռնն Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ:
«1915 թվականի ապրիլի 24-ին հազարամյակներով չափվող հայոց պատմությունը բաժանվեց երկու մասի` մինչև այդ ողբերգական տարեթիվը և դրանից հետո: Հրաշքով փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ` դառնալով սփյուռքահայություն:
Հայության նյութական, մշակութային և քաղաքական կորուստներն անչափելի են, բայց ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք կրողն էին հինավուրց, հարուստ և ինքնատիպ քաղաքակրթության»,- նշել է նախագահն ու հավելել, որ մեր` ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով՝ նաև նրանց փոխարեն. «Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով` հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը»:
Հայ ժողովրդի վերածնունդը, Սարգսյանի խոսքով, իրականություն է, և այն իրականություն դարձավ վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ. «Այո՛, 1915-ին մենք հայտնվեցինք դժոխքում, բայց եթե դեպի կյանք վերադառնալու ճանապարհին մենք մեր մեջ ուժ ենք գտել նման մեծագործությունների, ապա անկախ պետականության պայմաններում՝ 21-րդ դարում ի զորու կլինենք անելու ավելին:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, մենք բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունք կամ այցելելու ենք այլ հուշարձաններ Հայաստանի տարբեր բնակավայրերում և արտերկրում: Հիշենք, որ այս ամենամյա երթը երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ»:
102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս ուղերձ է հղել օրվա կապակցությամբ.
«Վաղեմության ժամկետ չունեցող այս ոճիրը չպետք է մոռանա նաև քաղաքակիրթ աշխարհը: Մոռացությունն ու անտարբերությունն այստեղ ինքնին հանցագործություն են և նպաստում են ապագայում նոր ոճրագործությունների իրականացմանը: Այս պարզ ճշմարտությունը բազմիցս ապացուցվել է 20-21-րդ դարերում, և մենք շնորհակալ ենք այն մարդկանց ու պետություններին, որոնք այդ ծանր օրերին եղել են մեր ժողովրդի կողքին, որոնք այսօր էլ սատարում են մեզ` հանուն արդարության վերականգնման մեր պայքարում:
Ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը՝ մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի պաշտպանունակության ու ժողովրդի անվտանգության ամենահուսալի գրավականը ազատ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետականությունն է, մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, որոնց ամրապնդման, զարգացման ու զորացման համար կանենք ամեն ինչ»: