24 ապրիլի 2017 - 15:40 AMT
«Ավատարի» հաջորդ մասերի թողարկման ժամկետները հայտնի են

«Ավատար» ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնի և նկարահանող խմբի լուսանկարը: Գրառումից հայտնի է դառնում, որ «Ավատար 2»-ը կթողարկվի 2020թ. դեկտեմբերի 18-ին, «Ավատար 3»-ը՝ 2021-ի դեկտեմբերի 17-ին, «Ավատար 4»-ը՝ 2024թ. դեկտեմբերի 20-ին, իսկ «Ավատար 5»-ը՝ 2025թ. դեկտեմբերի 19-ին:

Ֆիլմերի թողարկման ժամկետներում հերթական փոփոխությունների մասին նորություններն արդեն թեթև քմծիծաղ են առաջացնում ինդուստրիայի ներկայացուցիչների մոտ: Երբ 2009-ին թողարկվեց «Ավատարը», ռեժիսորը խոստացավ, որ կինոֆիլմը մի քանի շարունակություն կունենա: Սիքվելը նախանշված էր 2014-ի դեկտեմբերին, գրում է Kinopoisk-ը New York Times-ի վրա հղումով:

2012-ին Քեմերոնը 16 մլն դոլար ծախսեց Նոր Զելանդիայում 2500 ակր հող գնելու համար, որտեղ նախատեսում էր նկարահանել Պանդորայի գեղատեսիլ վայրերը: «Ավատար 2»-ի թողարկումը հետաձգվեց մինչև 2015թ.: Մեկ տարի անց ռեժիսորը հետազոտում էր օվկիանոսի խորքերն ու կրկին հետաձգեց սիքվելի թողարկումը՝ մինչև 2017-ի դեկտեմբեր:

Հետո հայտնի դարձավ, որ ֆիլմը 4 շարունակություն կունենա: Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը և Սթիվեն Լենգը համաձայնվեցին մասնակցել նախագծին: Շարունակությունները կրկին հետաձգվեցին և «Ավատար 2»-ի թողարկումն ազդարարվեց 2018-ի համար:

Ջեյմս Քեմերոնի «Ավատարը» էկրան է բարձրացել 2009-ին և 2,7 մլրդ դոլար է հավաքել՝ դառնալով ամենամեծ գումարը հավաքած ֆիլմը պատմության մեջ: Նախորդ ռեկորդը պատկանում էր նույն Քեմերոնի «Տիտանիկին», որը, սակայն, այն ժամանակ մոտ 2 մլրդ դոլար հավաքեց: