24 ապրիլի 2017 - 19:23 AMT
Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույց է անցկացվել

Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացել է բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը:

Ցույցի մասնակիցներն արտահայտել են իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արել հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատել են հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ են արել Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Կարդացեք նաև՝ Թբիլիսիում Ջահերով երթի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել ընդունել Ցեղասպանությունը