Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում դպրոցների ու մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների վերանորոգման ծրագիր կիրականացվի: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի և «Պահապան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանի կողմից ստորագրվել է Համագործակցության հուշագիր ՀՀ ԱԻՆ և «Պահապան» զարգացման հիմնադրամի միջև:
Հուշագրով ամրագրվում է նախարարության և հիմնադրամի միջև համագործակցությունը:
Ծրագրի շրջանակներում կողմերը կայցելեն Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ՝ թաքստոցների ընտրության և դրանց վերանորոգման կարիքները համատեղ գնահատելու համար: ԱԻՆ-ը կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն թաքստոցների և շահագործման վերաբերյալ:
Հիմնադրամը կիրականացնի սահմանամերձ համայքների դպրոցների և մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների նորոգումը և կահավորումը:
Կիրականացվեն համատեղ միջոցառումներ և համապատասխան տեղեկատվության փոխանակում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երեխաների անվտանգության ոլորտում, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Թաքստոցները կահավորված են լինելու խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով և հեռուստացույցով, ինչը հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակահատվածում: Նման թաքստոց արդեն կառուցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
«Խաղաթաքստոց» ծրագրի շրջանակներում «Պահապան» զարգացման հիմնադրամը նախաձեռնել է նաև մասնավոր սեկտորի ներգրավումն ապահով և անվտանգ սահմանամերձ համայնքների կառուցման գործընթացում:
«Օգնիր կառուցել հաջորդը» կարգախոսի ներքո միավորվելու են Երևանում գործող մի շարք սրճարաններ (մոտ՝ 20), որոնց հաճախորդները հնարավորություն կստանան իրենց ներդրումն անել սահմանամերձ համայնքներում երեխաների անվտանգ ներկայի ապահովման հարցում: