2 մայիսի 2017 - 16:49 AMT
ԱՆ-ն հաստատել է՝ Պերմյակովին ՌԴ-ին փոխանցելու հարցը քննարկվում է

Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցը:

Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել արդարադատության նախարարությունում, այս պահի դրությամբ կոնկրետ որոշում կայացված չէ, քննարկվում է հետագա պատիժը կրելու համար Պերմյակովին ՌԴ-ին փոխանցելու հարցը:

Ավելի վաղ Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը ևս հայտարարել էր, որ առաջիկա օրերին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն արդեն վերջնականապես պետք է որոշի Պերմյակովի պատիժը կրելու հարցը:

«Ես զուտ տեսականորեն ասում եմ, որ հնարավոր է, Վալերի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստան: Կոնկրետ որևէ տվյալ չկա, ասում եմ՝ զուտ հաշվի առնելով այն փաստը, որ ինքը եղել է Ռուսաստանի դատապարտյալ, երբ որ գործը մտել է դատարան», - ասել է Պերմյակովի պաշտպանը:

2015-ի հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունեց իր կատարած հանցանքը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը 2016-ի օգոստոսի 23-ի նիստում մեղավոր է ճանաչել Պերմյակովին և որոշում է կայացրել նրան դատապարտել ցմահ ազատազրկման։