Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7,5 մլն դրամ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության խոսնակ Անուշ Դանիելյանը:
Նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ: «Այսինքն՝ ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից 2,5 մլն դրամն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ», - ասվում է գրառման մեջ:
Բոլոր 5 նորածնի առողջական վիճակը մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո։
Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները կշռում են մոտ 950-ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ, նրանք գտնվում են խիստ հսկողության տակ: