Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում բավարարվել է«Ծառուկյան» դաշինքի պատգամավորական թեկնածուների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի չեղարկման պահանջով 8 դիմում:
Ինքնաբացարկի դիմումի չեղարկման հայտ էր ներկայացրել 12 թեկնածու:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ ստացած թեկնածուների անունները, որոնց թվում էին նաև «Ծառուկյան» դաշինքի` ինքնաբացարկի դիմումի չեղարկման հայտ ներկայացրած հետևյալ թեկնածուները` Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան, Վահան Կարապետյան:
Այսպիսով, ինքնաբացարկի չեղարկման 12 հայտից բավարարվեց միայն 8-ը, գրում է Yerkir.am-ը:
Մայիսի 2-ին հայտնի է դարձել, որ մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Ավելի ուշ, «Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված 12 անձ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումը: Նրանք տեղեկացրել են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց:
Դիմում են ներկայացրել Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Ալիկ Եղիկյանը, Հրանտ Դավթյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանն ու Արտյոմ Ծառուկյանը:
Դիմումը ներկայացրածներից Սերգեյ Բագրատյանն ասել է, որ տեղյակ չէր իր անունից դիմում ներկայացնելու մասին, փորձել է շփվել Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն չի կարողացել:
Ըստ Բագրատյանի, իր ստորագրությունը եղել է ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակից դուրս գալու դիմումի տակ, ինչը ենթադրում էր, որ որևէ մեկը կարող էր լքել ցուցակը միայն մինչև ընտրության օրը. արդեն ընտրվելուց հետո մանդատից հրարաժվելու մասին դիմումի մեջ խոսք չի եղել: